Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անդորրից՝ անդունդ, կամ ինչպես «մսերմացրին» ալգորիթմը

Անդորրից՝ անդունդ, կամ ինչպես «մսերմացրին» ալգորիթմը
27.11.2026 | 16:17

(Հանճարի անունը՝ ցուցանակի վրա, մտքի փոխարեն՝ մսուր)

Կան իրողություններ, որոնց հանդեպ սովորական հրապարակախոսական բառապաշարն ու լուրջ վերլուծությունները պարզապես անզոր են։ Երբ տրամաբանությունը խաթարվում է հենց հիմքում, իսկ արժեքային սանդղակը շրջվում է գլխիվայր, չոր փաստերի արձանագրումը դառնում է ոչ միայն անարդյունավետ, այլև՝ անհեթեթ։
Այդպիսի պահերին հասարակության ինքնապաշտպանական բնազդը դիմում է իր վերջին, սուր զենքին՝ սարկազմին, որն իրականում ոչ թե թեթևամիտ ծաղր է, այլ խորը ցավի, ինտելեկտուալ անզորության ու ներքին դիմադրության գեղարվեստական դրսևորում։
Սերգեյ Մերգելյանի անունը կրող մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը մեր ժողովրդի ինտելեկտուալ կենսագրության ամենափայլուն էջերից է։ Այն տասնամյակներ շարունակ եղել է ոչ թե պարզապես արտադրական կամ գիտական տարածք, այլ հայ ինժեներական մտքի, հաշվողական տեխնոլոգիաների ու ապագային միտված հավակնությունների խորհրդանիշ։
Եվ երբ այս պատմական կառույցի ղեկավարումը՝ թեկուզ և տարիներ առաջ կատարված օտարման ու սեփականության իրավական լաբիրինթոսների պատճառով, հանձնվում է գիտության ու տեխնոլոգիաների հետ որևէ աղերս չունեցող անձի, մենք առերեսվում ենք ոչ թե պարզապես հերթական անհաջող կադրային որոշման, այլ խորհրդանշական ճգնաժամի հետ։ Իրավիճակ, երբ ձևն ու բովանդակությունը հայտնվում են անհաղթահարելի հակասության մեջ՝ վերածելով երբեմնի գիտական տաճարը գրոտեսկային իրականության բեմահարթակի։
Հենց այդ գրոտեսկն ամբողջ խորությամբ ախտորոշելու համար էլ ընտրվեց խնդիրը ներկայացնելու այս ձևաչափը։ Ո՞վ կարող էր ավելի սառնասիրտ ու դիպուկ գնահատական տալ մտքի ու տգիտության փաստացի բախմանը, քան համաշխարհային գրականության ամենահայտնի «ախտորոշիչներից» մեկը՝ Միխայիլ Բուլգակովի պրոֆեսոր Պրեոբրաժենսկին։
Նա, որն իր լաբորատորիայում փորձում էր բնության օրենքներին հակառակ՝ կենդանուց մարդ ստանալ և դառնորեն համոզվեց, որ իրական «ավերածությունը» ոչ թե փողոցներում է, այլ գլուխներում, այսօր կկանգներ շատ ավելի տարօրինակ ու սարսափելի երևույթի առջև։ Ստիպված կլիներ արձանագրել հակառակ շարժումը՝ ինչպես է բարձրագույն միտքը զիջում իր տեղը պարզունակությանը, և ինչպես է հասարակությունը կամաց-կամաց սովորում անհեթեթությանը՝ ընդունելով այն որպես նորմա։
Ստորև ներկայացվող երևակայական երկխոսությունը փորձ է՝ դասական գրականության հայելու արտացոլանքով տեսնելու մեր այսօրվա դեմքը՝ հույսով, որ սթափեցնող հեգնանքն ու ներքին արժանապատվությունը դեռևս ի զորու են մեր հոգիներում արթնացնել սեփական մտավոր ժառանգության նկատմամբ պատասխանատվության զգացումը։

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱ. ՊՐՈՖԵՍՈՐ ՊՐԵՈԲՐԱԺԵՆՍԿՈՒ ՆՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Իրիկնահացի սեղանին արծաթյա մոմակալն է, քրտնած գրաֆինով սառը օղին և տաք խորտիկները։ Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին՝ ակնոցը քթի ծայրին, դեմքի սարսափահար արտահայտությամբ հետևում է պլանշետի էկրանին, որի սառը, անկենդան լույսը կարծես դիահերձարանի լամպ լինի՝ խաթարելով մոմերի կենդանի, մեղմ ջերմությունը։ Դոկտոր Բորմենտալը զգուշությամբ լցնում է օղին։
- Ֆիլիպ Ֆիլիպիչ, ի՞նչն է այդպես կլանել Ձեր ուշադրությունը։ Նորի՞ց «Պրավդայի» առաջնորդողն եք կարդում ընթրիքից առաջ։ Չէ՞ որ Ձեր իսկ ախտորոշմամբ՝ խստիվ արգելված է. կործանարար է ստամոքսահյութի համար։ Չնայած՝ արժանահավատ ուրիշ թերթեր չկան էլ։
- Ի՞նչ «Պրավդա», սիրելիս, ի՞նչ «Պրավդա»,- դժգոհեց Ֆիլիպ Ֆիլիպիչը՝ առանց հայացքը պլանշետից կտրելու և ակնոցն ավելի ամուր սեղմելով քթարմատին։- «Պրավդան» անցյալ դարի միամիտ, մանկական թոթովանք էր՝ համեմատած այն ամենի հետ, ինչ հիմա հորդում է այս էլեկտրոնային, ինչպես կասեր ոմն նախկին ամուսին՝ «անդունդից»։ Այն ժամանակ գոնե ստում էին գրագետ, գաղափարական ճարտարապետությամբ, իսկ հիմա բացահայտ տգիտությունը դարձել է հանրային սպառման հիմնական ուտեստը՝ մատուցված որպես բարձրագույն իմաստություն։
- Ֆիլիպ Ֆիլիպիչ, ռուսաստանցի օլիգարխ Ռոտենբերգի նախկին տիկնոջ նախկին ամուսինն էր անդորրը շփոթել անդունդի հետ,- քմծիծաղեց Բորմենտալը՝ բաժակը մոտեցնելով պրոֆեսորին։- Երևի զուտ կլինիկական երևույթ է՝ լեզվական աֆազիա, երբ ուղեղը հրաժարվում է տարբերակել բառերի արմատները, որովհետև դրանց իմաստը վաղուց ատրոֆիայի է ենթարկվել։
- Ճի՛շտ եք, Բորմենտա՛լ, ախտորոշումը բացարձակ ճիշտ է,- աշխուժացավ Պրեոբրաժենսկին՝ ցուցամատը սպառնալից թափահարելով օդում։- Նա իր սեփական հոգեկան անդորրը նույնացրել էր երկրի տնտեսական անդունդի հետ՝ ենթագիտակցորեն կանխագուշակելով իր գալիք պաշտոնավարման արդյունքը։ Բայց ողբերգությունը դա չէ, բարեկա՛մս։ Հիշե՛ք Սուրբ Գիրքը. «Ի սկզբանե էր Բանը»։ Երբ բառը կորցնում է իր իմաստն ու աղավաղվում, տիեզերքը վերադառնում է նախնական քաոսին։ Իրականությունը կորցնում է իր հենարանը հենց այն պահին, երբ հասարակությունը սկսում է ծափահարել անհոդաբաշխ մրմունջին։ Ասացե՛ք ինձ, սիրելի՛ գործընկեր, ե՞րբ է տգիտությունը եղել խոչընդոտ կարիերայի համար։ Այն բարձր օկտանային վառելիք է։ Գիտելիքը ձգողականության ուժ է, ծանրություն, որը մարդուն կապում է երկրին, ստիպում է խորհել, կասկածել ու պատասխանատվություն կրել։ Իսկ բացարձակ դատարկությունը կշիռ չունի՝ այն միշտ վեր է բարձրանում, ինչպես փրփուրը պղտոր ջրի երեսին կամ օդապարիկը՝ լցված տաք, անիմաստ գոլորշիով։ Եվ ահա այդ նույն տիտղոսակիր «բանասերին», որի գլխավոր «գիտական» հայտնագործությունը սեփական ազգանունը հարուստ կանանց անձնագրային էջերում ամրագրելն ու ամուսնական կնիքներով ատենախոսություն պաշտպանելն է,- պրոֆեսորն անսպասելի լռեց, ձայնն իջեցրեց մինչև ողբերգական շշուկի,- հենց նոր նշանակել են Սերգեյ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տնօրեն։
Բորմենտալը, որ պատրաստվում էր մի կում օղի ըմպել, քիչ մնաց խեղդվեր։ Անակնկալ հազաց, ապա դեմքին հայտնվեց այնպիսի արտահայտություն, ասես հենց նոր պարզել էր, որ իրենց կլինիկայի հավաքարարին նշանակել են նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ։ Ապա, վախենալով, որ ալկոհոլն ու այս նորությունը միասին կայրեն ստամոքսը, զգուշությամբ իջեցրեց բաժակը, խորը շունչ քաշեց և խուլ, անվստահ ձայնով հարցրեց.
- Կներե՛ք... ի՞նչ ասացիք։ Մերգելյանի՞ ինստիտուտի։ Այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին միկրոէլեկտրոնիկա, լազերային տեխնիկա և «Նաիրի» հաշվիչ մեքենանե՞ր էին ստեղծում։ Այնտեղ, որտեղ միտքը չափվում էր բարդագույն ալգորիթմներով... Բայց չէ՞ որ դա գիտության բացահայտ նսեմացում է։
- Ո՛չ, սիրելի՛ս, նսեմացում չէ, «մսերմացում» է,- հանդիսավոր ու սառը հեգնանքով ուղղեց Ֆիլիպ Ֆիլիպիչը՝ դանդաղ հանելով ակնոցը և մաքրելով այն։- Հավանաբար վերևներում որոշել են, որ եթե մարդը կյանքում կարողացել է անսխալ հաշվել միայն սեփական ամբիցիաներն ու կանանց քանակը, ապա բարձրագույն մաթեմատիկան ու կիբեռնետիկան նրա համար պարզապես մանկական խաղալիք են։ Կամ գուցե նրան թվացել է, թե «մաթեմատիկական մեքենաներն» իր ավտոպարկի հերթական թանկարժեք մոդելներն են, որոնց պարզապես պետք է նստել ու քշել։ Իսկ «մսերմացման» մասին նա անձամբ է եթերից հայտարարել՝ «Թույլ չենք տա մեզ մսերմացնեն»։ Եվ պետք է խոստովանեմ, Բորմենտա՛լ, որ բժշկական ու անասնաբուժական տեսանկյունից նա պարզապես հանճարեղ է գտնվել՝ ակամա ձևակերպելով սեփական պատմական առաքելությունը։ Ինչպես կասեր ծերուկ Ֆրոյդը՝ սա լեզվական սխալ չէ, սա ենթագիտակցության խոստովանություն է։ Լեզուն երբեմն դաժան վրեժ է լուծում իրեն աղավաղողներից՝ ստիպելով բարձրաձայնել ճշմարտությունը՝ նորաբանությունների տեսքով։ Որովհետև այն, ինչ հիմա կատարվում է Մերգելյանի ինստիտուտի հետ, իսկապես ամենաիսկական «մսերմացում» է՝ բարձր տեխնոլոգիաների, կիբեռնետիկայի ու ակադեմիական մտքի սառնասիրտ վերածումը հում, անշունչ մսի։
Պրոֆեսորն ակնոցը նորից դրեց քթին և հայացքը հառեց մոմի բոցին, որի թրթռացող լույսի մեջ կարծես արտացոլվում էր մի ամբողջ դարաշրջանի հոգեվարքը։
- Տեսնո՞ւմ եք, Իվան Առնոլդովիչ, ես ժամանակին մի հիմար, աններելի սխալ գործեցի. փորձեցի շան հիպոֆիզը փոխարինել մարդու հիպոֆիզով և ստացա Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչին։ Բայց այսօրվա «վիրաբույժները» շատ ավելի հեռուն են գնացել՝ նրանք բնության դեմ գործում են հակառակ ուղղությամբ, ինչը էվոլյուցիայի շրջադարձն է դեպի հետ՝ դեպի նախնադարյան բնազդներ։ Ես փորձում էի կենդանուց մարդ ստանալ, իսկ նրանք կենդանի, մտածող ուղեղից վիրահատական ճշգրտությամբ հեռացնում են միտքն ու հիշողությունը և տեղը դնում սովորական... մկան։ Արձանագրվածը հեղափոխություն չէ, բարեկա՛մս, այլ անատոմիական վրեժխնդրություն մտքի նկատմամբ։ Ախտորոշումը պարզ է՝ ոչ թե գիտական սխալ, այլ ծրագրված հետընթաց։ Ու երբ ամբողջ ակադեմիական միջավայրը վերածվում է անմիտ մկանային զանգվածի, այդ վիճակը լեզվաբանորեն և կլինիկորեն կոչվում է հենց այդպես՝ «մսերմացում»։
Պրոֆեսորը հեգնական ժպիտով թեքվեց դեպի օգնականը և ցածրացրեց ձայնը՝ կարծես պետական գաղտնիք էր հայտնում.
- Ի դեպ, գիտե՞ք ինչ հիմնարար, բազային կրթություն ունի այդ նորանշանակ ռահվիրան։ Պատկերացնո՞ւմ եք՝ 1979-1984 թվականներին ավարտել է... Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը։
Դոկտոր Բորմենտալը մի պահ շփոթված թարթեց աչքերը՝ հայացքը սևեռելով տաք խորտիկների ափսեին, կարծես փորձում էր ստուգել՝ սնկերն արդյոք հալյուցինոգեն չե՞ն։
- Անասնաբուժակա՞ն...- կրկնեց նա խուլ շշուկով։- Այսինքն՝ մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում այսուհետ միկրոսխեմաների ու քվանտային հաշվարկների փոխարեն խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ ու արհեստական բեղմնավորմա՞մբ են զբաղվելու։ Թե՞, Ֆիլիպ Ֆիլիպիչ, մեր փորձից ոգեշնչված՝ որոշել են կովերի հիպոֆիզը պատվաստել գիտաշխատողներին, որպեսզի վերջիններս ավելի շատ կաթ և ավելի քիչ հարցեր տան։ Ահա թե ինչ տեսք ունի տեղական «արհեստական բանականությունը»՝ կթի ավտոմատացված ապարատ՝ միացված հաշվիչ մեքենային։ Եվ հետո... նա գոնե գիտի՞, թե ինչով է ալգորիթմը տարբերվում ալկոհոլից, կամ ինտեգրալը՝ ինտրիգից։ Թեև, դատելով նրա կենսագրությունից, C₂H₅OH-ի քիմիական բանաձևին նա անհամեմատ ավելի մոտ է կանգնած, քան բարձրագույն մաթեմատիկային։
- Դոկտո՛ր, ինչպիսի՞ հետամնաց, նախահեղափոխական հարցեր եք տալիս,- սառը հեգնանքով նկատեց Ֆիլիպ Ֆիլիպիչը՝ ակնոցը դնելով սեղանին և խաչելով մատները։- Նրա ինչի՞ն է պետք ինտեգրալը, երբ մարդը փայլուն տիրապետում է «նախկին ամուսնու» կարգավիճակի բարձրագույն մաթեմատիկային՝ գումարելով ուրիշի կապիտալն ու բազմապատկելով սեփական ամբիցիաները։ Այս նշանակման ճարտարապետները, անկասկած, առաջնորդվել են հետևյալ երկաթյա տրամաբանությամբ. եթե մարդը տիրապետում է անասնաբուծության գաղտնիքներին և կարողացել է հայկական ու ռուսական միլիարդատերերի ընտանեկան հավասարումների մեջ ամենաեկամտաբեր անհայտ փոփոխականը դառնալ, ուրեմն կիբեռնետիկան ու արհեստական ինտելեկտը նրա համար պարզապես մանկական գլուխկոտրուկ են։
Պրոֆեսորը մի պահ լռեց, ապա հայացքը հառեց դատարկ բաժակին՝ կարծես տեսնելով ապագայի անուրախ պատկերը, ու հավելեց դառը փիլիսոփայությամբ.
- Ի վերջո, նրանց պատկերացմամբ, ի՞նչ սկզբունքային տարբերություն կա գիտական ինստիտուտի և անասնապահական ֆերմայի միջև։ Ցանկացած բռնապետական կամ տգետ վարչակարգի համար ճշմարտությունը վտանգավոր վիրուս է, իսկ մտածող գիտնականը՝ ախտածին տարր։ Գիտնականն անհարմար արարած է, Իվա՛ն Առնոլդովիչ. նա չափում է, կշռում է, կասկածում և պահանջում ապացույցներ։ Իսկ անասնաբույծին պետք է ընդամենը հնազանդ գլխաքանակ, որի համար երջանկության բարձրագույն բանաձևը լցված մսուրն է, և որը երբեք չի հարցնի՝ ինչո՞ւ են իրեն կշռում, ու ո՞ւր է տանում սպանդանոցի ճանապարհը։
Պրոֆեսորը դառը քմծիծաղով տարուբերեց գլուխը.
- Այսուհետ Մերգելյանի ինստիտուտում կմշակեն նոր սերնդի միկրոչիպեր՝ անասնակերի և սիլոսի բաղադրությամբ, որոնք կաշխատեն բացառապես ջրիմուռների ու լցված մսուրի էներգիայով։ Իսկ երբեմնի հզորագույն սուպերհամակարգիչները, գերտաքանալով, բուլյան տրամաբանության կանոնները խախտելով ու կարճ միացում տալով, կփորձեն վերծանել ու ալգորիթմավորել մարդկության պատմության ամենաբարդ գերխնդիրը՝ թե ինչպես «մեր երկրի հոգսերը հոգսենք», որ հանկարծ «չցվրվենք», ու որ «Իխլամ Ալիևը գլխին օղ անի»։ Այդպիսի տիեզերական, ալգորիթմական անհեթեթություններից նույնիսկ ամենակատարյալ արհեստական բանականությունը կխելագարվի, կտա «ճակատագրական սխալ» ու ինքնաոչնչացման կոճակը կսեղմի, Բորմենտա՛լ, վստահեցնում եմ Ձեզ. մեքենան ստեղծված է խիստ տրամաբանության և հետևողականության համար, իսկ անտրամաբանական քաոսը մահացու վիրուս է ցանկացած բանական կառուցվածքի համար։
Սենյակում կրկին ծանր լռություն տիրեց։ Մոմի բոցը թրթռաց արծաթյա մոմակալի վրա՝ կարծես փորձելով տաքացնել սառած օդը, բայց միայն երկար, դողացող ստվերներ գցեց պատերին։ Պրոֆեսորի դեմքից հանկարծ անհետացավ հեգնանքը, և աչքերում կուտակվեց խորը, դարավոր թախիծ։
- Բայց գիտե՞ք, սիրելի՛ս, ամենացավալին նույնիսկ այս նշանակումը չէ,- շշնջաց նա՝ հայացքը հառելով օղու գրաֆինին։- Ես մտածում եմ խեղճ Սերգեյ Մերգելյանի մասին։ Քսանչորս տարեկանում՝ գիտությունների դոկտոր, հանճար, որի միտքը կառուցված էր վերացականության ու ճշգրտության ամենաբարձր սանդղակով, և որը մի ամբողջ ազգի ինտելեկտուալ փառքն ու ապագայի հավակնությունն էր կերտում։ Ի՞նչ մեղք էր գործել այդ լուսավոր մարդը, որ նրան հետմահու այսպիսի դաժան պատժի արժանացրին։ Պատմությունը երբեմն սարսափելի անարդար է լինում մեծերի հանդեպ. նրանց չեն գնդակահարում, չեն աքսորում, պարզապես նրանց կառուցած տաճարի բանալիները հանձնում են նրան, ով խորանը շփոթում է մսուրի հետ, իսկ հանճարների անունները թողնում են ճակատին՝ որպես անպաշտպան, համր ցուցանակներ։
Պրոֆեսորը խորը հոգոց հանեց, ձեռքը դրեց սեղանին ու շարունակեց գրեթե շշուկով.
- Ավերածությունը, Իվա՛ն Առնոլդովիչ, որի մասին ես այդքան շատ եմ խոսել, չի սկսվում այն ժամանակ, երբ հաստոցներն են կանգ առնում կամ համակարգիչներն են փչանում։ Տեխնիկան կարելի է նորոգել, սխեմաները՝ փոխել։ Ավերածությունը սկսվում է ճակատագրական մի պահից, երբ հասարակությունը հոգնում է զարմանալուց, դադարում է սարկազմով ու ծիծաղով դիմադրել աբսուրդին և սկսում է նման իրականությունն ընդունել որպես անխուսափելի նորմա։ Իսկ երբ ծիծաղն ու ցավը միաժամանակ մարում են, մնում է միայն լուռ, անդառնալի անկումը՝ այն անդունդը, որի անունը հերոսն արդեն անգիր գիտի։
Ֆիլիպ Ֆիլիպիչը վերցրեց բաժակը, մի պահ լուռ բարձրացրեց՝ կարծես հոգեհացի կենաց ասելով մեծ մաթեմատիկոսի հիշատակին, և մի շնչով դատարկեց։
- Եկեք խորտիկ ուտենք, Բորմենտա՛լ։ Այսպիսի նորություններից հետո միայն տաք սնկերը կարող են փրկել բանականությունը։
Ֆիլիպ Ֆիլիպիչը մի պահ զննեց ափսեի պարունակությունը՝ կարծես այնտեղ էր փնտրում տրամաբանության վերջին մնացորդները, ու դառը քմծիծաղով շարունակեց.
- Ես Շարիկովին գոնե իմ իսկ գիտական փորձարկման արդյունքն էի համարում՝ հիպոֆիզի փոխպատվաստում, բժշկական վրիպում։ Եվ ամենակարևորը՝ ես միշտ հնարավորություն ունեի նրան նորից դնել վիրահատական սեղանին, վերցնել նշտարն ու վերադարձնել իր նախնական, ազնիվ շնային վիճակին, որտեղ ամեն ինչ ներդաշնակ էր բնության օրենքներին, և ոչ ոք չէր հավակնում գիտություն ղեկավարել։ Բայց այստեղ ոչ մի վիրահատություն չի եղել, Բորմենտա՛լ, և ոչ մի նշտար այլևս չի փրկի, որովհետև բժշկական սխալը հնարավոր է ուղղել, իսկ արժեքային կուրությունն ու պաշտոնականացված տգիտությունը՝ ոչ։
Պրոֆեսորը պատառաքաղով մի կտոր սունկ վերցրեց, նայեց մոմի թրթռացող բոցին և հավելեց սառը հեգնանքով.
- Այստեղ ուղղակի վերցրել են մի մարդու, որն ազնվորեն, առանց կեղծ համեստության խոստովանում է՝ «․․․ ես շորերս եմ փոխում մենակ, մեքենաներ, բայց ինձ չեմ կարա փոխեմ», ու նստեցրել են հսկա գիտական ինստիտուտի տնօրենի աթոռին։ Ի՜նչ զինաթափող, դարակազմիկ անկեղծություն է։ Նա բացահայտել է նյութականի և հոգևորի անանցանելի սահմանը. նա գոնե գիտի, որ ներքուստ անփոփոխ է՝ ինչպես քարե դարի կացինը՝ որքան էլ այն փաթաթես նորաձև կոստյումների ու թանկարժեք մեքենաների թավշյա պատյանների մեջ։ Իսկ ահա նրան նշանակողները կարծում են, թե այդ կացնով կարելի է միկրոսխեմաներ հղկել։ Եվ այստեղ մեղավորը կացինը չէ, բարեկա՛մս. կացինը պարզապես հավատարիմ է իր նախնադարյան բնույթին։ Մեղավորը նա է, ով կացինը բերել է լաբորատորիա՝ որպես գերճշգրիտ գործիք, և ստիպում է բոլորին ծափահարել, երբ այն ջարդուփշուր է անում մանրադիտակները։
Պրոֆեսորն անջատեց պլանշետի սառը էկրանը, բայց դեմքից չանհետացավ անկեղծ տագնապը, որը միախառնված էր սպանիչ սարկազմին.
- Եվ գիտե՞ք, Իվա՛ն Առնոլդովիչ, ես հիմա լրջորեն անհանգստանում եմ։ Եթե կադրային այս համաճարակն ու անատոմիական ախտահարումը նույն տեմպերով շարունակվեն, վաղը Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն կնշանակեն որևէ հաջողակ շամփուրագործի՝ գիտականորեն հիմնավորելով, որ նա «մսերմացման» և հյուսվածքների ջերմային մշակման անգերազանցելի վարպետ է։ Իսկ Բյուրականի աստղադիտարանը, անկասկած, կհանձնեն հարսանյաց սրահի լուսավորողին՝ տիեզերական մարմիններին և լազերային շոուներին մոտ լինելու անհերքելի փաստարկով։ Ի վերջո, երբ մասնագիտական չափանիշը փոխարինվում է քսակի հաստությամբ կամ քավոր-սանիկական ալգորիթմով, ցանկացած աբսուրդ ստանում է փայլուն ակադեմիական հիմնավորում։
Ֆիլիպ Ֆիլիպիչը մի պահ լռեց, ապա խորը հոգոց հանեց՝ հայացքը հառելով արդեն կիսով չափ հալված մոմին.
- Ամբողջ աշխարհին Մերգելյանն ապացուցեց, որ մարդկային միտքը սահմաններ չունի, իսկ սեփական հայրենիքում հետմահու դատապարտվեց դառնալու մի տարածքի լուռ վկան, որտեղ միտքն այլևս անցանկալի ներգաղթյալ է։ Երբ հանճարների ժառանգությունը հանձնվում է պատահական անցորդների, հասարակությունը կորցնում է ոչ թե իր անցյալը, այլ ապագա ունենալու բարոյական իրավունքը. որովհետև ապագան կառուցում են ոչ թե նրանք, ովքեր տիրապետում են շենքի կադաստրի վկայականին և քառակուսի մետրերին, այլ նրանք, ովքեր կրում են այդ շենքի ոգին ու ծածկագիրը։
Նա գրաֆինից նորից լցրեց իր բաժակը, պատառաքաղով զգուշությամբ վերցրեց տաք խորտիկից մի կտոր, ապա հայացքը հառելով պլանշետի խավարած, սև հայելուն՝ դառնորեն եզրափակեց.
- Դե ինչ, Բորմենտա՛լ, խմե՛ք, իմ բարեկամ։ Ինչպես կասեր նորանշանակ ակադեմիկոս-անասնաբույժը՝ «մուշկի արեք» ու կերե՛ք, քանի դեռ կլինիկական անգրագիտությունը պաշտոնապես չեն հռչակել պետական կառավարման նորագույն դոկտրին, իսկ բանական ուղեղները՝ «մսերմացման» ենթակա ավելորդ, անհարմար օրգան։
Բորմենտալը լուռ գլխով արեց, վերցրեց վաղուց տաքացած օղու բաժակը և խմեց՝ որպես այս խելագար, անտրամաբանական իրականության մեջ մնացած միակ հասանելի անզգայացնող միջոց։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ